Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Մշակույթի նախարարի սահանկումը

Մշակույթի նախարարի սահանկումը
16.03.2018 | 02:07

Անըմբռնելի են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուռա-նորարարական նախաձեռնությունները, որոնք քաջ հայտնի են և չարժե դրանք վերստին հիշատակել։ Օրերս մենք անդրադարձանք ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողայոս Նիկողոսյանի հանդեպ դրսևորվող անհասկանալի վերաբերմունքին։ Բանն այն է, որ Մոսկվայի աշխարհահռչակ Տրետյակովյան պատկերասրահում մարտի սկզբին բացվեց վարպետի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Բացման հանդիսավոր արարողությանը ոչ ոք չկար ո՛չ ՀՀ մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։ Ամենայն հավանականությամբ, տիար Ամիրյանը տեղեկություն չունի, թե ով է Նիկողայոս Նիկողոսյանը։ Իրազեկենք. նա մեծ ճանաչում ունի ողջ Ռուսիայում և նրա մայրաքաղաք Մոսկվայում։ Երևանում հանրահայտ են Միքայել Նալբանդյանի և Վահան Տերյանի արձանները, «Ամբոխները խելագարված» հուշակոթողը։ Նաև տեղեկացնենք, որ Տրետյակովյան պատկերասրահում անհատական ցուցահանդեսով ներկայանում են միայն դասական, բացառիկ դեպքերում էլ` ժամանակակից վարպետները։


Հիշեցնենք, 2017-ին Տրետյակովյան պատկերասրահում մեծ շուքով բացվեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։ Շարունակենք իրազեկումը. Նիկողայոս Նիկողոսյանը երազում է իր միջոցներով Երևանում կառուցել սեփական ստեղծագործությունների թանգարանը և իր հսկա ժառանգության ընտրանին տեղակայել այնտեղ։ Այսինքն, վարպետը հարստացնում է հայկական ժամանակակից մշակույթը։ Եվս մեկ իրազեկում. վերոնշյալ ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 22-ը։ Սա նշանակում է, որ ՀՀ մշակույթի նախարարը կարող է մի քանի ճանաչված գործիչների ուղեկցությամբ հասնել Մոսկվա, փնտրել և գտնել Տրետյակովյան պատկերասրահը, հանդիպել վարպետի հետ, ներողություն խնդրել և սեղմել ձեռքը։
Ի դեպ, շատ տեղին կլինի, եթե ՀՀ ղեկավարությունը Նիկողայոս Նիկողոսյանին արժանացնի որևէ ծանրակշիռ պարգևի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Վերջին իրազեկումը. Նիկողայոս Նիկողոսյանը 100 տարեկան է, ողջ-առողջ է, շրջում է սեփական անհատական ցուցահանդեսով մեկ, և այս տեսանկյունից էլ Տրետյակովյան ցուցադրությունը եզակի է։ Գուցե սա կհուշի էկզոտիկ զգացողությունների սիրահար տիար Արմեն Ամիրյանին, որ իրոք հասնի Մոսկվա։

Դիտվել է՝ 5608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ